Դեռևս մի քանի տարի առաջ «Ինտերնետային հանրություն» (ԻՀՀՀ) ՀԿ-ի անդամ Վահան Միսակյանը մշակեց գրադարանային կառավարման ծրագրային ապահովում, որը կարող է աշխատել դանդաղ համակարգիչների վրա: Այն ստեղծվեց այնպես, որ դրանից կարողանան օգտվել գրադարանավարներ՝ համակարգչային տարրական գիտելիքներով: Ծրագիրը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել գրադարանների գործունեությունը:
Այնուհետև մշակվեց նախագիծ, որի նպատակն է օգնել գյուղական գրադարաններին՝ ձեռք բերելու օգտագործված համակարգիչներ, հնարավորինս իրականցնել թարմացումներ, տեղադրել Վ. Միսակյանի կողմից ստեղծված համակարգչային ծրագիրը և հետագայում օգնել սպասարկման ոլորտում: Նախագծի շրջանակում նախատեսվում է գյուղական բոլոր գրադարաններն ապահովել համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովման միջոցներով:
Վահան Միսակյանն իր գաղափարը ներկայացրեց ԻՀ ՀԿ-ի ղեկավարությանը: Ծրագիրը մեծ ոգևորությամբ ընդունվեց և սկսեց կյանքի կոչվել: ԻՀ ՀԿ-ն հատկացրեց համակարգիչներ և այլ սարքավորումներ: Ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով կազմակերպությունը որոշեց դիմել «Ինտերնետ հասարակության» «Beyond the Net» դրամաշնորհային ծրագրին և հասավ հաջողության:
2017 թվականին մեկնարկեց «Համակարգիչներ, ծառայություններ և WiFi ինտերնետ գյուղական գրադարանների համար» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում գյուղական գրադարաններին հատկացվել է ավելի քան 70 համակարգիչ, որոնց մեջ նախապես տեղադրվել է գրադարանային կառավարման ծրագիրը: Բացի այդ՝ նախագծի շրջանակում գրադարանավարների համար կազմակերպվում են դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացվում են ծրագրից օգտվելու քայլերը և քննարկվում այլ խնդիրներ:
Գրադարանների կողմից ծրագիրը մեծ երախտագիտությամբ է ընդունվում, պահանջարկն էլ անընդհատ աճում է: Մեր գնահատմամբ՝ բոլոր գրադարանները համապատասխան տենոլոգիայով և ծրագրով ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 2000 համակարգիչ:
Դրամաշնորհային ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԻՀ ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, որը միացել է ծրագրին, շարունակում են փնտրել համակարգիչներ: Վերջերս գյուղական գրադարանների համար ԻՀՀՀ ՀԿ-ն գնել է 40 օգտագործված համակարգիչներ:
Հնարավոր դոնոր կազմակերպություններին ծրագրի մասին առավել տեղեկացնելու համար մենք ստեղծեցինք «http://rural-libraries.am» վեբ կայքը և «Rural libraries of Armenia» ֆեյսբուքյան էջը:
Այսպիսով՝ ծրագրի այս փուլում նախագծի հիմնական հովանավորներն են ԻՀ ՀԿ-ն և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն:
Հուսով ենք, որ ավելի մեծ թվով հովանավորներ կմիանան այս բարեգործական ծրագրին: